շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խանդանյանն ու Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչները  կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմանին

Խանդանյանն ու Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Այս մասին հայտնել է Ազգային ժողովը։

«Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Շվեդիայի հետ գործակցությունը, հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ երկու երկրների միջեւ շփումների խթանման հարցում արժեւորել բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմանին:

Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրերին «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքի համար ու հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:

Շվեդիայի պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է, թե ինչ դրական փոփոխություններ են վերջին տարիներին տեղի ունեցել Հայաստանում:

Այս համատեքստում Սարգիս Խանդանյանն անդրադարձել է դատական համակարգում կատարվող բարեփոխումներին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը եւ դրա իրականացմանն ուղղված քայլերի կարեւորությանը:

Հանձնաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը:

Անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային փխրուն իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Խոսելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման եւ ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների իրացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: