երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում չկա. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում չկա. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում էլ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կան այլ պնդումներ տարածքային ամբողջականության մասին, որոնց շուրջ դեռ բանակցում ենք, վերջնական ձևակերպումներ չկան»,– ասաց Միրզոյանը։

Պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի` անկլավներին վերաբերող հարցին, թե այս պահին խաղաղության պայմանագրի նախագծում կա արդյոք անկլավների արձանագրված թիվ` ԱԳ նախարարը շեշտեց` ինքը քաղաքական հայտարարություն է անում, ասում է` եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն` ինչի հիման վրա են դրանք գոյություն ունեցել, արդյոք առհասարակ իրավունք ունեցել են գոյություն ունենալու, թե իներցիայով բոլորն ասել են անկլավ, բայց նման բան չկա։

Նա հիշեցրեց նաև Արծվաշենը` Ադրբեջանի ԽՍՀ–ի տարածքում եղած հայկական անկլավը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։

Միրզոյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե որ փուլում է առհասարակ անկլավների հարցը բարձրացվել։ Նշենք, որ պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրել էր նախարարին պարզաբանել` որ փուլում է առաջացել անկլավների հարցը, որովհետև, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման հիշատակում չկա։

  • Կիսվել: