ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

 Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Կուզեմ ընդգծել, որ շոշափվում է, որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,– ասաց Միրզոյանը։

Նա ընդգծեց հետագա էսկալացիաներ, ուժի կիրառում թույլ չտալու կարևորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։
Միրզոյանը շեշտեց` հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով` Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Նրա խոսքով` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը։
 
Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ։

 

 

 

 

  • Կիսվել: