երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խաղաղության պայմանագիրը չպետք է ֆետիշացնել, շատ ավելի կարեւոր է գործընթացը. Հովիկ Աղազարյան

Խաղաղության պայմանագիրը չպետք է ֆետիշացնել, շատ ավելի կարեւոր է գործընթացը. Հովիկ Աղազարյան

Խաղաղության պայմանագիրը չպետք է ֆետիշացնել, շատ ավելի կարեւոր է գործընթացը, որով կողմերը գնում են, որովհետեւ այդ գործընթացի ժամանակ պարզվում են կողմերի իրական նկրտումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Փաստորեն, Ալիեւի վերջին հայտարարությունները եկան ապացուցելու, որ իրենց իրական նկրտումները այլ են: Մենք իրապես տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքելու, որպեսզի տարածաշրջանում տիրի կայուն եւ երկարատեւ խաղաղություն: Հիմա փոխադարձորեն ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ տարանջատելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը Արցախ-Ադրբեջան հարաբերություններից, պարոն Ալիեւը փաստորեն, շարունակում է ջուրը պղտորել եւ պղտոր ջրում ձուկ որսալ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ալեւն իր այս հայտարարություններով խախտում է Բրյուսելի պայմանավորվածությունները, Աղազարյանն ասաց. «Պայմանավորվածությունների հիմքում ընկած է տարածքային ամբողջականությունների ճանաչումը, որն էլ պետք է հիմք հանդիսանա խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ալիեւը փորձում է տորպեդահարել, ձգձգել խաղաղության պյմանագրի ստորագրումը՝ նորից Հայաստան-Ադրբեջան հարցը շաղկապելով Ադրբեջան-Արցախ հրաբերությունների հարցին: Ալիեւն ասում է՝ եթե Արցախում այսպես չլինի, ես խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի»:

Աղազարյանը համաձայն չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի աշխարհագրական տարածքում կա մեր պատմական հայրենիքի մի հատված, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, որոնք ինքնորովել են: Այսինքն այստեղ տարածքի խնդիր չկա, Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային որեւէ խնդիր չունի, Հայաստանը խնդիր ունի, որ մեր ժողովրդի մի հատվածը հանկարծ չենթարկվի որեւէ տեսակի ճնշումների՝ իրավական, ֆիզկական, բարոյական եւ այլն:

Հիմա եթե Ալիեւը կապում է ՀՀ-Ադրբեջան հարցը Արցախ-Ադրբեջան հարցի հետ, դա տարօրինակ է եւ դա որոշակի իմաստով նահանջ է պայմանավորվածություններից»,-ասաց իշխող խմբակցության պատգամավորը:

  • Կիսվել: