ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղության օրակարգը ձևակերպվել է ընտրությունների քարոզարշավի ընթացքում. վարչապետ

Խաղաղության օրակարգը ձևակերպվել է ընտրությունների քարոզարշավի ընթացքում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է ընդդիմախոսների պնդմանը, ըստ որի՝ Ադրբեջանի վերաբերմունքը եւ քաղաքականությունը չեն փոխվի, քանի դեռ հայկական կողմից բանակցողը չի փոխվել:

Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Ես հրաժարական տվել եմ, տեղի են ունեցել ընտրություններ, որոնք եղել են ազատ, արդար, թափանցիկ, ընդ որում՝ խաղաղության օրակարգը ձեւակերպվել է ընտրությունների քարոզարշավի ընթացքում՛՛:

Նրա խոսքով՝ ինքն  ընտրություններից հետո ասել է, որ իրենք որոշակի նախընտրական պատկերացումով գնացել են ընտրությունների, բայց այս ընթացքում հարյուր հազարավոր քաղաքացիների հետ անձամբ շփվել են: ՛՛Եվ իրականում մարդիկ մեզ մանդատ են տվել խաղաղության օրակարգի համար, որովհետեւ եթե զուտ ինստիտուցիոնալ նայենք, շուրջ 700 հազար մարդ քվեարկել է մեր օգտին: Այդ 700 հազարից քանի՞սն է կարդացել, թե ինչ ենք մենք գրել, եւ քանիսն է լսել, թե ինչ ենք մենք ասում՛՛,-նշել է նա:

Հարցին, թե իր մտքով անցե՞լ է, որ բանակցողի փոփոխությունը կարող է ինչ-որ փոփոխություն բերել բանակցությունների սեղանի շուրջ, վարչապետը պատասխանել է. ՛՛Այդպիսի հարց չկա, որ ուրիշները բարձրացնում են, եւ ես ինքս իմ առջեւ չեմ դնում: Իմ մտքով ամեն ինչ անցել է, եթե իմ մտքով անցած չլիներ, ես 2021-ին հրաժարական չէի տա:

Բայց պետք է զրուցարանի խոսակցությունները տեղափոխենք ինստիտուցիոնալ մակարդակ եւ հարցերի պատասխանը գտնենք ինստիտուցիոնալ մակարդակում, որպեսզի պտեպատ չդիպչենք; Հիմա եթե դուք հարցնեք՝ արդյոք մենք ունենք հստակ ծրագիր, պատկերացում, թե ինչպես է պետք հասնել այդ ցանկալի խաղաղությանը, եւ եթե ես չունենամ պատկերացում, թե ինչպես եմ դա անելու, բնականաբար, այդ որոշումը ակնհայտ կլինի՛՛:

Վարչապետը նաեւ հիշեցրել է, որ ինքը դեռ 2020-ի դեկտեմբերին է ընդդիմությանն առաջարկել գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: ՛՛Բայց իրենք ասում էին՝ չէ, պետք է իշխանությունը տաս մեզ: Ես էլ ասում էի՝ իշխանությունը իմ սեփականությունը չէ, որ տամ ձեզ կամ որեւէ մեկին: Իշխանությունը ժողովրդի սեփականությունն է, ժողովուրդը պետք է որոշի, թե ում է վստահում այդ իշխանությունը՛՛,-նշել է Փաշինյանը:

  • Կիսվել: