երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Ուրախությամբ պետք է նշեմ, որ առևտրի ոլորտում, տնտեսական ծրագրերում դինամիկ զարգացում է արձանագրվում. հատկապես զբոսաշրջության ոլորտում, մշակութային ծրագրերում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի լավագույնս օգտագործենք երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը: Իրանը և Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները Սև ծով և իրանական բեռնատարների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Օման դյուրացվեն: Ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումները դյուրացնեու համար:

Մենք պայմանավորվել ենք նաև միջազգային հարթակներում համագործակցությունը և աջակցումը միմյանց դիրքորոշումներին շարունակելու ուղղությամբ:

Մշակութային և ժողովրդի միջև կապերը բարձր ենք գնահատում, և մենք վճռական ենք, որ այդ հարաբերությունները զարգացնենք, նաև օգտագործենք հնարավոր պոտենցիալները՝ մյուս ոլորտներում հարաբերությունները զարգացնելու: Մենք գտնում ենք, որ երկու երկրներում առկա են պոտենցիալներ, որոնք օգտագործված չեն, դրանք պետք է վեր հանել և օգտագործել»,- նշեց Արաղչին:

Նա ընդգծեց, որ Իրանը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: «Գտնում ենք, որ այն մեծ հնարավորություն կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: Մենք գտնվում ենք մի կետում, որ կարող ենք ասել, որ ՀՀ-ն և ԻԻՀ-ն հարաբերությունները զարգացնելու համար բազմազանություն ունենք, և դինամիկ զարգանում են մեր հարաբերությունները»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով իր հեղինակած գրքին՝ նա ասաց. «Պետք է պարոն Միրզոյանին շնորհակալություն հայտնեմ, որ իմ հեղինակած գիրքը, թարգմանված գիրքը կարդացել և նախաբան է պատրաստել դրա համար, և այն հրատարակվել է Հայաստանում հայերեն: Համոզված եմ՝ սա կլինի փոքրիկ քայլ երկու երկրների հարաբերությունը և փոխործակցությունը զարգացնելու համար»:

  • Կիսվել: