Խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է Ադրբեջանի պայմանների վրա. Էլին Սուլեյմանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն նախկինում առաջարկել էր, և որոնց մինչև վերջերս Երևանը չէր համաձայնել։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։
«Համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելն ինքնին կարևոր հանգրվան է, քանի որ այն ընդգծում է կողմերի միջև առանց արտաքին միջնորդության ուղիղ երկխոսության արդյունավետությունը, որի անարդյունավետությունը ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որից միայն անունը մնաց։ Մենք հույս ունենք, որ սա նաև վկայում է Հայաստանում աճող ըմբռնման մասին, որ հարևանների հետ ամուր և փոխշահավետ հարաբերությունները անհնար են առանց պատասխանատու մոտեցման, որը զերծ է շովինիզմից և գաղափարախոսական պատրանքներից», -նշել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, միայն համաձայնագրի տեքստը բավարար չէ կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Ադրբեջանը անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ապահովմամբ։ Սակայն, Հայաստանի Սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք իրականում կոչ են անում ադրբեջանական հողերի բռնակցմանը, մնում է լուրջ խոչընդոտ։ Սա ուղղակի հակասություն է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի մասին համաձայնագրի կետերին։ Ավելին, խաղաղությանը դեմ հանդես եկող մի շարք հայկական քաղաքական ուժեր շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել՝ հղում անելով հատկապես սահմանադրական դրույթներին», - հավելել է դեսպանը։