ԿԳՄՍՆ-ն «Տարվա լավագույնները» մրցույթ է անցկացրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։
Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանը ևս տվյալ անվանակարգի հաղթողներից մեկն է: Նա մրցույթին ներկայացրել է «Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով» ծրագիրը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին: Նախագիծն իրենից ներկայացնում է դպրոցական կայքի հարթակ, որտեղ տեղադրվում են առարկայի թեմատիկ պլանին համապատասխան տեսանյութեր, թեստեր և առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, ինչպես նաև հետաքրքրաշարժ, ակտիվացնող նյութեր։ Հարթակը նպատակ ունի օգնել 5-12–րդ դասարանների աշակերտներին ցանկացած պահի թեմաներին հասանելիություն ունենալ՝ որպես հեռավար ուսուցման այլընտրանքային տարբերակ: «Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին ձևաչափն առավել հետաքրքիր դարձնելու և ոգևորելու համար: Կարծում եմ՝ այն ապագայում ավելի շատ մասնակիցների կներառի, որից կշահի միայն կրթությունը»,-ասում է Հասմիկը:
Հավելենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։
Հիշեցնենք, որ խմբային հայտ կարող են ներկայացնել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Մրցույթի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին ու երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած հմուտ մանկավարժական անձնակազմի աշխատակիցներին: Մրցույթը նպատակ ունի նաև տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական լավագույն փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:


