ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսուցիչներ մեզ ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը իրենց դիմումները, այսինքն մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։
Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի է, ներկայացվում են առցանց հայտագրման միջոցով, նախարարությունը հաստատում է դիմումը եւ նշանակում քննության օր եւ ժամ: Իսկ հերթական հայտարարագրման վերջնաժամկետը երեկ էր:
Տասնյակ ուսուցիչներ իրենց հայտերի հաստատում չէին ստացել, չէին կարողացել նաեւ ողջ օրը նախարարությունից պարզաբանում ստանալ` նրանց հարյուրավոր զանգեր մնացել էին անպատասխան:
Հերթական անփույթ ու անկազմակերպ գործելաոճի պատճառով գործընթացը տապալվել է: Այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն ստիպված եղավ հայտարարել, որ հայտագրման ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Իսկ թե որն է եղել խնդիրը, մեզ չմանրամասնեցին։



