ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր  նաև «Մշակութային ժառանգության  պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև հաստատված համագործակցության շարունակականության, արցախյան հակամարտության գոտու տարածքում պատմամշակութային ժառանգության անվտանգության, պահպանության և պաշտպանության, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցերն էին:

 

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիայի Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու  ՌՕՔԵՄՓ ծրագրի աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: «Մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը զերծ են քաղաքականությունից, և Իտալիան այդ առումով երկրորդ  օրակարգ չունի»,- հավելել է նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տարածքից դուրս  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության աղավաղման անթույլատրելիությունը՝ ընդգծելով Իտալիայի հնարավոր աջակցությունն ու դերակատարումն այդ կարևոր գործընթացում:

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը էլ ներկայացրել է «Մշակութային ժառանգության  պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի»  գործունեության արդյունքները. «Կենտրոնի  հետագա աշխատանքները հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի,  Արցախի և տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»:

«Մշակութային ժառանգության  պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, անդրադառնալով կենտրոնի մեկ տարվա գործունեությանը, այդ կարևոր ծրագրին աջակցելու և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Միջազգային համագործակցության իտալական գործակալությանը և Բոլոնիայի համալսարանին։

«Չնայած COVID-19-ի  և պատերազմի մարտահրավերներին՝ կենտրոնը լիարժեք իրականացրել է իր առջև դրված ծրագիրը՝ ամուր հիմք ստեղծելով դրա շարունակականության համար»,-  փաստել է կենտրոնի տնօրենը:

  • Կիսվել: