հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կեսօրից հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները․ Սարգիս Խանդանյան

Կեսօրից հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները․ Սարգիս Խանդանյան

Հայաստանում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեկնարկել է մշտական հանձնաժողովի նիստով, որում քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

«Ինչպես գիտեք, Հայաստանում առաջին անգամ է անցկացվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը։ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը մեկնարկեց այսօր առավոտյան Վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստով։ Սովորաբար մշտական հանձնաժողովում աշխատանքային բնույթի հարցեր են քննարկվում։ Ներկայացվեցին Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, նաև աշխատանքային խմբերի, դիտորդական առաքելությունների աշխատանքների արդյունքները՝ ամառայինից մինչև աշնանային նստաշրջան ընկած ժամանակահատվածում։ Մեր պատվիրակները շնորհակալություն հայտնեցին Հայաստանին հյուրընկալելու համար»,- ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ այդ նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվում, հիմնականում ընթացակարգային բնույթի հարցեր են քննարկվում։ 

« Կեսօրից հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը և սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերելու է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին»,- նշեց Խանդանյանը։

  • Կիսվել: