Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ–ն հերիք է․ Աղվան Վարդանյանը՝ իմպիչմենտի մասին
Այսօրվա Հայաստանում իմպիչմենտի գործընթաց հնարավոր է և պետք է սկսել այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն, երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, և ուժային կառույցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։
Նա շեշտեց՝ այսօր նման իրավիճակ չկա, փոխարենը Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկեցին նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։
Աղվան Վարդանյանը մանրամասն անդրադարձավ ուղարկված նամակին, դրան նախորդած և հաջորդած ելույթներին, Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի հայտարարություններին, որոնցում նաև ընդդիմությանն ու ՀՀ երկրորդ նախագահին են բազմիցս քննադատել։
«Էդգար Ղազարյանին գնահատում եմ․ աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում, բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանում, բայց երբեմն լկտիանում է ու փորձում շանտաժի ենթարկել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Նարեկ Մալյանին, ըստ Վարդանյանի, նրա հետ լկտիությամբ կարող են միայն մի քանի ՔՊ-ական պատգամավորներ մրցել։
«Թող ձյուն չգա Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենա, բայց թող չափերը ճանաչեն, կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է»,- հավելեց պատգամավորը։
Վարդանյանն ընդգծեց՝ իր համար այս թեման փակված է, «Հայաստան» դաշինքի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված այս կեղտոտ արշավը ոչ մի տեղ չի տանելու։ Նա նաև հիշեցրեց` որ վերջերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 2026թ․, իսկ ՀՀԿ-ն էլ բազմիցս հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն անել։
«Ուրեմն այդ ծրագիրը կներկայացնեն, կորոշենք։ Վստահ եմ՝ այս ծրագիրը հենց այսօր իմպիչմենտ սկսելը չէ»,- ասաց նա։