կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք չեն ղեկավարվում դրսից. Վարդան Ղուկասյանը՝ Սերժ Սարգսյանի ազդեցության մասին

Կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք չեն ղեկավարվում դրսից. Վարդան Ղուկասյանը՝ Սերժ Սարգսյանի ազդեցության մասին

Ես սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը. Ես գիտեմ, որ ինքը լուրջ հորեղբայրներ ունի, հայր ունի, իրեն խորհուրդ կտան՝ ինչ անել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞, որ Մարտուն Գրիգորյանը դեռ իր տեսակետը չի հայտնել Գյումրիի ավագանիում Վարդան Ղուկասյանին միանալ-չմիանալու վերաբերյալ:

«Ինքն արդեն 40 քանի տարեկան է, ինչքան գիտեմ, թոռնիկ ունի, բան ունի: Ես գիտեմ, որ մարդիկ ավելի շատ ապրում են անունի համար, քան թե պաշտոնի։ Էդ պաշտոնն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ հետո դրա պատճառով իրեն մշտական թիրախավորեն»,-ասաց նա:

Հարցին՝ բացառու՞մ է, որ Մարտուն Գրիգորյանի որոշման վրա նաև ազդեցություն է ունենալու Սերժ Սարգսյանը, որովհետև նա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, նաեւ հայտնի են ձեր և Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունները, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես ասում էի, որ կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք քաղաքի շահը ավելի բարձր են դասում և չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ այդ ամեն ինչին, հիմա ասելու բան չունեմ, սպասում եմ պատասխանին: Սպասում է ամբողջ քաղաքը, սպասում է հայ ժողովուրդը, ընդհուպ Հայաստանից դուրս հայ ազգը:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

  • Կիսվել: