ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԲ միջամտությունից հետո ֆինանսական շուկան կայունացել է, դրամը՝ արժևորվել. Թունյան

ԿԲ միջամտությունից հետո ֆինանսական շուկան կայունացել է, դրամը՝ արժևորվել. Թունյան

Ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի տատանումը: Հարցը ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին ուղղեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:     

Նախարարի տեղակալի խոսքով՝ դոլարի փոխարժեքի տատանումը բազմաֆունկցիոնալ գործընթաց է, փոխարժեքի վրա, ըստ նրա, կարող են տարբեր գործոններ ազդել, այդ թվում՝ ներմուծման ծավալի ավելացումը, ինչի արդյունքում դոլարի պահանջարկն աճում է, սակայն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել, թե այս դեպքում ո՛րն է փոխարժեքի տատանման պատճառը:  

Մելքումյանի մյուս դիտարկմանը, թե 2020-ին ԵԱՏՄ երկրներից Հայաստանում արձանագրվել է ամենամեծ տնտեսական անկումը, էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ պատճառը կորոնավիրուսի տարածման հետևանքով մտցված սահմանափակումներն ու պատերազմն են եղել: Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները տնտեսությունն արագ վերականգնելու համար: 

Նիստին ներկա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ փոխարժեքի տատանումը ոչ այնքան տնտեսական իրողություններից է կախված, որքան հասարակական սպասումներից և ներքաղաքական անորոշությունից, նաև այն մեսիջներից, որոնք ուղղվում են հանրությանը:

«Երբեմն անզգույշ հայտարարություններ են լինում՝ բանկային համակարգի հետ կապված, որոնք բացասական ազդեցություն են թողնում ֆինանսական կայունության և փոխարժեքի տատանումների վրա»,- ասաց Թունյանը: 

Պատգամավորի խոսքով՝ ԿԲ-ի կողմից վերջին միջամտության արդյունքում ֆինանսական շուկան որոշակի հանգստացել է, դրամը՝ արժևորվել, և եթե բոլորը, ըստ նրա, նման վարքագիծ դրսևորեն և կոչ անեն հանրությանը չտրվել սպեկուլյացիոն լուրերի, փոխարժեքը կկայունանա:

«Ուրբաթ մի խումբ պատգամավորներով հանդիպել ենք ԿԲ նախագահի հետ, ով վստահեցրեց, որ իրավիճակը ԿԲ վերահսկողության տակ է, միջազգային պահուստների մակարդակը բավարար է անհրաժեշտության դեպքում նոր միջամտություններ կատարելու համար: Ես խնդրում եմ նաև մեր ընդդիմադիր գործընկերներին՝ անկախ քաղաքական հայացքներից, զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ ֆինանսական շուկայի կայունությունը մեր ընդհանուր շահերից է բխում»,- նշեց Բաբկեն Թունյանը: 

  • Կիսվել: