կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԿԲ գործողությունները ադեկվատ էին, արդյունքում և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԲ նախագահին

ԿԲ գործողությունները ադեկվատ էին, արդյունքում և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԲ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:

«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին և այդ ադեկվատության արդյունքում մեր մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է նախագահը Խաչատուրյանը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում Հանրապետության նախագահի աջակցությունը։

«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով»,- ասել է ԿԲ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և վերջիններիս չեզոքացմանն ուղղված Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները:

  • Կիսվել: