հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը

Այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ անցկացվել է Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային գործընկերներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Ողջունելով ներկաներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ նիստի պարբերական անցկացումը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը և ջանքերը՝ խորացնելու ԵՄ-ի հետ հարաբերություններն ու ընդլայնելու կայուն ու արդյունավետ համագործակցությունը:
 
Նախարարը խոսել է փոխգործակցության հիմնական ուղղությունների մասին՝ առանձնացնելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի իրականացման շրջանակներում նախարարությունը ևս առանցքային դերակատարում ունի, Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը, ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ամենամյա նիստերը, ինչպես նաև ծրագրային համագործակցության տարբեր ձևաչափերը:
 
Բացման խոսքով հանդես գալով՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը մատնանշել է այն առաջընթացը, որը Հայաստանը գրանցել է դատաիրավական ու հակակոռուպցիոն ռազմավարությունների շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած առաքելության արձանագրումներին:
 
Բացման ելույթներից հետո նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտներում գրանցած առաջընթացը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակներում իրականացված գործողությունների մանրամասները:
 
Հանդիպումը ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում արդարադատության նախարարը և տեղակալները արձագանքել են հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հարցադրումներին:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացման կարևորությունը՝ ընդգծելով, որ արդեն իսկ իրականացվող արդյունավետ ծրագրերը կշարունակվեն և իրենց տեղը կգտնեն բարեփոխումների առաջիկա օրակարգերում։

  • Կիսվել: