կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա դեմը չէր կարող առնել. Հասանով

Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա դեմը չէր կարող առնել. Հասանով

Մենք Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական օրենքի կարգավորումների հիման վրա էինք կարծես առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում: Համաձայն նշված կարգավորման՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և հարց ուղղել նիստը վարող ամենատարեց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովին՝ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել:

Ի պատասխան Կնյազ Հասանովը նշեց. «Որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ իրավունքների մեջ չի մտնում, որ ես այսօր Ձեզ ասեմ: Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»: Այսօր ինձ պատիվ է եղել, որ ես այս խորհրդարանը ղեկավարեմ, և երևի մի քանի ժամից մենք Ազգային ժողովի նախագահ կընտրենք, Ձեր բոլոր հարցերով կդիմեք մեր հարգարժան Ազգային ժողովի նախագահին»:

Նշենք, որ այս պահին ընթանում է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։

Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։

  • Կիսվել: