Կասկադի հողերի հետ Քոչարյան ընտանիքի ոչ մի անդամ կապ չի ունեցել. Մեսրոպ Մանուկյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ ո՛չ կոռուպցիայի, ո՛չ մտացածին թալանի համար, ո՛չ «Հոկտեմբերի 27-ի», ո՛չ «Մարտի 1-ի» համար, այլ կալանավորված է իր պարտականությունները կատարելու համար, մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Հանրապետության նախագահն, ի պաշտոնե, պարտավոր էր վավերացնելու կառավարության որոշումները»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումներ, որտեղ կան խախտումներ։
«Պետք է օբյեկտիվ լինեմ, անկախ իմ վերաբերմունքից, որ այդտեղ կա թալան, կոռուպցիա, այդտեղ պետք է բոլորը դատվեն, պետք է նաև հասկանանք՝ կառավարության գործառույթն ի՞նչ է։ Երբ բերում, հասցնում ես այն կետին, որ որոշումն ընդունվում է, վարչապետին մնում է միայն ստորագրելը։ Անկախ այն հանգամանքից, թե ես ինչպես եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, այդ գործարքների համար ոչ թե ինքը, այլ իրեն ներկայացնողները պետք է դատվեն։ Բայց Քոչարյանի պարագայում լրիվ այլ է, որովհետև նա չի էլ եղել կառավարության ղեկավար. կառավարությունում այդ ամեն ինչը նայել են, բերել են նախագահական, ինքն ուղղակի վավերացրել է այդ ամենը»։
Մեսրոպ Մանուկյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ Կասկադի հողերի հետ կապված, ինչպես ներկայացվում է, քանի որ, պատգամավորի խոսքով, Քոչարյան ընտանիքի ոչ մի անդամ Կասկադի ոչ մի հողի հետ կապ չի ունեցել։



