երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան. Փաշինյան

Կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան. Փաշինյան

Վերջին ամիսներին ասում են, իբր մեր իշխանությունը թույլ է, բայց եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը, այսքան փորձությունները ո՞նց կանցներ: Այս մասին այսօր Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բայց ձեզ ուզում եմ հետևյալն ասել՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր իշխանության հեռացումն ով ասես չի պահանջել: Այսպես ասած, ես դա անվանում էի պսևդոէլիտայի բունտ ընդդեմ կառավարության: Իսկ եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը՝ այսքան փորձությունները ո՞նց կանցներ:

Ո՛չ, մեր իշխանությունն ուժեղ է կամ մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն է: Ի՞նչ, պետք է մտնեինք խորհրդարանում գնդակահարեինք երկրի քաղաքական էլիտային կամ պետք է մեկն ասեր՝ «պրիվետ Նիկոլ», պետք է տանեին ծեծելով զուգարանում սպանեին, որ ասեին՝ տեսեք ինչ ուժեղ իշխանություն է: Թույլ իշխանություն ենք, որ ոչ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ոչ հունական կղզիներում, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք, ոչ հայկական բանկերում միլիոններ ունենք:

Ո՛չ, մենք ուժեղ իշխանություն ենք, բայց մենք ուժեղ ենք ձեզնով, ժողովուրդ: Մենք ուժեղ ենք, մենք ինչո՞ւ ենք մինչ այսօր կանգնած այստեղ, որովհետև մեր իշխանությունը հենված է եղել ձեզ վրա: Փողի վրա չի հիմնված եղել, կրիմինալի վրա չի հիմված եղել, ձեր վրա է հիմնված եղել: Բայց ես եկել եմ այստեղ երկու բան ասելու: Առաջինը՝ ներողություն խնդրելու ձեզնից այն բոլոր հիասթափությունների համար, որ այս ընթացքում ձեզ պատճառել ենք, իսկ դրանք անշուշտ եղել են:

Որոնք են եղել օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ, դա ուրիշ թեմա է: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել, բայց նաև գիտեմ, որ դուք գիտեք՝ մենք չարամիտ որևէ բան չենք արել՛՛:

Ըստ վարչապետի՝ եղել են իրենց համար անհաղթահարելի իրավիճակներ. ՛՛Բայց ուզում եմ հիասթափության մի կոնկրետ օրինակի մասին խոսել և ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, և ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Օրինակ, շատ է խոսվում արդարության ու արդարադատության մասին: Շատ են ասում՝ այս մեկն ինչո՞ւ նստած չէ, այն մեկն ինչո՞ւ նստած չէ:

Ընդհանրապես, արդարության և արդարադատության անկյունաքարը հետևյալն է՝ կա մի հայտնի բանաձև, ասում են՝ եթե ուզում ես երկրում հաստատել արդարութուն և արդարադատություն, պետք է հետևես հետևյալ սկզբունքին՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Ինչո՞ւ է սա այսպես ասվում, որովհետև մեղավորին այսօր չէ, վաղը, վաղը չէ մյուս օրը կբռնես և կենթարկես իրեն արժանի պատասխանատվության, և դա կլինի արդարություն: Բայց եթե անմեղին բանտ նստեցնես՝ 3 տարի, 5 տարի, 10 տարի, հետո ներողություն էլ խնդրես, իր նկատմամբ տեղի ունեցածն անարդարություն է, այլևս չես վերականգնի՛՛:

Փաշինյանի խոսքով՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձինք կան մեր երկրում: Վարչապետն ասաց, որ Հայաստանի բանտերում երբեք այնքան քիչ մարդ չի եղել, քան այսօր: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ՛՛մենք արդարության և արդարադատության հարցում էլ ենք շատ լուրջ հաջողության հասել, որովհետև կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան՛՛:

՛՛Այո՛, բազմաթիվ պոտենցիալ հանցագործներ կան, որոնք ազատության մեջ են: Եթե նրանք հանցանք են գործել՝ նրանց պատասխանատվության ժամն անխուսափելիորեն հասնելու է, բայց բանտում անմեղ մարդ չկա: Եվ սա ամենամեծ և ամենակարևոր նվաճումն է՛՛,-նշեց նա:

Փաշինյանը խոսեց նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունների մասին եւ ասաց, որ իրենց իշխանության օրոք այդ հարաբերությունները լավացել են, ինչը փաստում են հիմնադրամին կատարված փոխանցումները:

Վարչապետն ընդգծեց. ՛՛Ոմանք ուզում են ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության մեջ սփյուռքի հետ հարաբերությունները լավ է եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են:

Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել: Որեմն, ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: Թվերը հիշեք: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ՛՛Հայաստան՛՛ հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը:

Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին: Փորձեցին կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, դա էլ չստացվեց: Եվ հիմա հայտարարել ենք, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր ենք իրականացնելու: Սա նշանակում է, որ այս մի ծրագրով ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած: Սա շատ կարևոր արձանագրում է՝ մեր խոսակցությունը շարունակելու համար:

Բայց երկրորդ հիմնական ասելիքը. առաջին ասելիքն այն էր, որ ուզում էի ձեզնից ներողություն խնդրել պատճառած բոլոր հիասթափությունների համար: Երկրորդ ասելիքը հետևյալն է, որ Հայաստանում, այո՛, կա ապագա, որ Արցախում կա ապագա, որ այս երեխաներն ապագա ունեն և այս երեխաների ապագան Հայաստանի Հանրապետությունում է: Մենք պետք է, այո՛, իրար հետ հաղթահարենք պարտության դառնությունը և իրար հետ բարձր ու հստակ ասենք՝ ապագա կա:

Մենք իրար հետ պետք է պայմանավորվենք, որ մեր երեխաների, մեր երկրի, մեր հայրենիքի ապագայի համար անմնացորդ շարունակելու ենք նվիրված լինել, և աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային: Եկենք խոստանանք իրար, որ դա անպայման անելու ենք, որովհետև դա մեր պարտքն է, մեր առաքելությունն է նաև մեր նահատակների հիշատակի առաջ՛՛:

Փաշինյանն իր խոսքն ավարտեց հետևյալ կերպ. ՛՛Եվ այո ՛, մենք պետք է ունենանք ազատ, երջանիկ և հզոր երկիր՛՛:

  • Կիսվել: