ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Կարո՞ղ եք երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Սաղաթելյանը՝ իշխանություններին

Կարո՞ղ եք երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Սաղաթելյանը՝ իշխանություններին

Կարո՞ղ եք վաղն առավոտյան գալ եւ ստորագրել մեր հայտարարությունն ու երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ  ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով իշխանություններին:

Նա նշեց. ՛՛Սրանց թվում է, թե մեզ պաշտոնից զրկելով՝ կարող են մեր գործունեության վրա ազդել, մեզ սպառնալ կամ վախեցնել: Իրենք մեզ չափում են իրենց արշինով: Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը գան եւ ստորագրեն, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս, ձեզ էլ կխնդրենք, որ ձեր աշխատավարձից պարգեւավճարներ տաք: Կարո՞ղ եք վաղն առավոտը գալ եւ ստորագրել մեր ձեւավորած հայտարարությունը եւ երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ստորագրեք, մանդատ էլ կտանք, պաշտոն էլ, կրկնակի աշխատավարձ էլ: Բայց չեն գալու, որովհետեւ իրենք ստորագրելու են Էրդողանի եւ Ալիեւի շահերը՛՛:

Նշենք նաեւ, որ հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթից հետո Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ ասելով. ՛՛Սիրելի հայրենակիցներ, եթե դուք փողոց դուրս եկած չլինեիք, այս սրիկաներն արդեն ամեն ինչ հանձնած կլինեին թշնամուն։ Այսօր ինչ ունենք, ունենք ձեր շնորհիվ։ Այս պայքարի շնորհիվ։ Վստահ եղեք՝ մենք պետք է կանխենք նոր կապիտուլյացիան՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում դադարեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի լիազորությունները։

 

  • Կիսվել: