հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարևորվել է Սյունիքի կրթական ոլորտի հանդեպ ֆրանսիական կողմի ուշադրությունը

Կարևորվել է Սյունիքի կրթական ոլորտի հանդեպ ֆրանսիական կողմի ուշադրությունը

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ընդունել է Ռոնի մասնագիտական կրթության (Ֆրանսիա) նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզին, Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին, հայաստանյան ծրագրերի հանձնակատար Թաման Անդիկյանին և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին։

Հյուրերը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցները, գործունեության ուղղությունները, հայաստանյան ծրագրերն ու նշել, որ նպատակ ունեն այժմ դրանք առավել մոտեցնել մարզերին՝ հատկապես հեռավոր, որոնց բնակիչները մայրաքաղաք հասնելու հնարավորություն չունեն։

Հայկ Հարությունյանը ողջունել է Սյունիքի կրթական ոլորտի հանդեպ ֆրանսիական կողմի ուշադրությունն ու նշել, որ մարզային իշխանությունը հետաքրքրված է և պատրաստակամ համագործակցել այս բնագավառում։ Մարզպետի տեղակալը շեշտել է հատկապես միջին մասնագիտական կրթության զարգացման կարևորությունը, ներկայացրել նաև մարզի կրթական համակարգի առանձնահատկություններն ու այն ուսումնական հաստատությունները, որ մարզպետարանն առաջարկել է այցելել հյուրերին։

Քննարկվել են թեմային առնչվող այլ հարցեր ևս ու փոխգործակցության հնարավոր ուղղությունները։ Ֆրանսիացի հյուրերը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի ուսումնական հաստատություններ՝ նրանց ներուժը, իրենց կրթական ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները դիտարկելու նպատակով։

  • Կիսվել: