երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Կարևոր խնդիրներից է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածության ստեղծումը. Բախիթ Սուլթանով

Կարևոր խնդիրներից է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածության ստեղծումը. Բախիթ Սուլթանով

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման իրավապայմանագրային բազայի ձևավորման աշխատանքները։ 

Մոսկվայում «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Բախիթ Սուլթանովը՝ պատասխանելով ԵԱՏՄ տարածքում արժեթղթերի և բրոքերային ընդհանուր ծառայությունների ստեղծման մասին հարցին: 

Ըստ նախարարի՝ դրա հիմքում կա փաստաթղթերի ամբողջական համակարգ՝ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ֆինանսական ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը, ներդաշնակեցման միջոցառումների ծրագիրը և այլն։ 

«Պատկերացրեք, որ մենք կառուցում ենք հսկայական կամուրջ ԵԱՏՄ երկրների ֆինանսական շուկաների միջև։ Հայեցակարգն այս կամրջի ճարտարապետական ծրագիրն է, որը սահմանում է նպատակները, ժամկետները և գործիքները։ Օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը կառուցման կանոնների համաձայնեցումն է, որպեսզի կամրջի բոլոր մասերը ճիշտ միանան իրար»,- նշել է Սուլթանովը և ընդգծել, որ կարևոր խնդիրներից մեկն է ընդհանուր բորսայական տարածության ստեղծումը։ 

Դա, ըստ մեր զրուցակցի, նման է միասնական տրանսպորտային հանգույցի ստեղծմանը, որտեղ արժեթղթերն ու ֆինանսական գործիքները կկարողանան ազատ տեղաշարժվել։ Արդեն մշակվել է ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք միջազգային պայմանագրերի մշակում։ Դրանցից մեկն Արժեթղթերի սահմանամերձ հասանելիության վերաբերյալ համաձայնագիրն է։ Սա նման է կամրջով երթևեկության ընդհանուր կանոնների ստեղծմանը։ Համաձայնագրի նպատակն է ապահովել արժեթղթերի (ակցիաների և պարտատոմսերի) թողարկման և առևտրային գործողությունների ազատությունը, ստեղծել պայմաններ բորսայական շուկաների լիկվիդայնության աճի, առևտրային և ներդրումային համագործակցության ամրապնդման, արժեթղթերի բորսայական առևտրի ծավալների ավելացման համար։ Այն հիմք է ստեղծում ԵԱՏՄ տարածքում ընդհանուր կազմակերպված արժեթղթերի շուկայի ձևավորման և կապիտալի ազատ տեղաշարժի համար։ 

Նախարարի խոսքով՝ 2025 թվականի հունվարի 31-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են այս համաձայնագիրը։ Ներկայում փաստաթուղթը ԵԱՏՄ երկրների կողմից անցնում է վավերացման գործընթաց, որպեսզի ուժի մեջ մտնի։ 

Ընդհանուր բորսայական տարածության ձևավորման ակտիվացման նպատակով մշակվել է ևս մեկ նախագիծ՝ ԵԱՏՄ մի երկրի բրոքերներին և դիլերներին մեկ այլ երկրի բորսաներում (առևտրի կազմակերպիչներում) մասնակցության թույլտվության մասին համաձայնագիրը։ 

ԵՏՀ Խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի (թիվ 33) որոշմամբ՝ բրոքերների և դիլերների մուտքի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել և ուղարկվել է անդամ պետություններին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներքին պետական գործընթացները կատարելու նպատակով։ 

Փաստաթուղթը իրավունքի հնարավորություն է տալիս ազգային բորսաներին ճանաչել ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված բրոքերների և դիլերների լիցենզիաները և ապահովել նրանց ուղղակի մասնակցությունն առևտրային հարթակներում արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների գնում-վաճառքի պայմանագրերի կնքմանը։ 

«Այս համաձայնագրերի իրականացումը ոչ միայն կպարզեցնի և կթափանցիկացնի արժեթղթերի հետ կապված գործարքները, այլև կբացի նոր հնարավորություններ ԵԱՏՄ տարածքում ներդրումների և բիզնեսի զարգացման համար, կբերի բորսաների ավելի մեծ լիկվիդայնություն և կավելացնի ֆինանսական շուկաների հանդեպ վստահությունը Միության ներսում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի «ֆինանսական կամրջով» երթևեկությունը սկսվի որքան հնարավոր է շուտ»,- եզրափակել է Սուլթանովը: 

 

  • Կիսվել: