շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են․ Զոհրաբյանը՝ գերիների վերադարձեի մասին

Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են․ Զոհրաբյանը՝ գերիների վերադարձեի մասին

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջազգային հանրությանը վստահեցնում է, որ գերիներին վերադարձնելու միայն կոչերն արդյունք չեն տալու և հորդորում է կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ: Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Զոհրաբյանը հիշեցրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ իր առանձնազրույցի մասին: «Իրենք որպես առաջնային քայլ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ որևէ ադեկվատ իշխանություն նման քայլի չպետք է գնա:

Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ի՞նչ  պետք է անել, ի՞նչ հնարավորություն կա՝ ռազմագերիներին վերադարձնելու համար՝ Զոհրաբյանը ասաց, որ կա դեռ մի կարևոր գործիք: «Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում՝ ես առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը»,-ասաց նա ու նկատեց, որ, իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար, սակայն Ադրբեջանը ռազմական հանցագործ երկիր է:

Ըստ նրա՝ միակ գործոնը, լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացը արագացնել, կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ պատժամիջոցի կիրառումը: Պատգամավորը նկատեց, որ եվրոպական կառույցները դա պարբերաբար անում են ՌԴ-ի, Բելառուսի հանդեպ: «Օրինակ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում, եվրոպական բանկերում Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները: Ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից Եվրոպայի խորհրդում»,-ասաց նա:

  • Կիսվել: