ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարեւոր է նվազագույնի հասցնել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության ստագնացիայի ռիսկերը. Փաշինյան

Կարեւոր է նվազագույնի հասցնել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության ստագնացիայի ռիսկերը. Փաշինյան

Մեզ հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձեւաչափի ստեղծման նորմատիվ-իրավական բազայի մշակման հարցում։ Արդյունաբերության համար համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցությունը մեզ հնարավորություն կտա խթանել մեր երկրների տնտեսությունների առանձին վերցրած հատվածները։ Այս մասին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միեւնույն ժամանակ, նա կարեւոր է համարել դրանց հավասարակշռված զարգացումը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների այլ ճյուղերում ստագնացիա կամ ակտիվության նվազում ենթադրող ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։

«Հետեւաբար, նախագծերի ընտրության փուլում կարեւոր է մշակել այդ ռիսկերը հարթեցնող մեխանիզմներ, ինչը մեզ երկարաժամկետ հեռանկար կտա նման նախագծերի իրականացման համար»,-նշել է Փաշինյանը:

Միության երկրների միջեւ համագործակցությունը, նրա խոսքով, պարենային անվտանգությունն է, որն ուղղված է բնակչության համար սննդամթերքի մատչելիության եւ որակի ապահովմանը, ինչպես նաեւ շուկան ցածրորակ եւ վտանգավոր մթերքներից պաշտպանելուն:

«Այսօր կտրուկ աճել է պարենային անվտանգության ապահովման հավաքական համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը, ուստի անհրաժեշտ է այդ ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբումը»,-հավելել է ՀՀ վարչապետը:

 

  • Կիսվել: