կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարևոր է ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. Զախարովա

Կարևոր է ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. Զախարովա

Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից ութ հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական:

՛՛Կարևոր ենք համարում զուգահեռ ջանքերի գործադրումը՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, և աջակցելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ որպես համանախագահ՛՛,-ասել է Զախարովան:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը պահվող անձանց վերադարձնելու հարցում արել և անելու է ամեն ինչ. ՛՛Այդ հարցը առաջնահերթ է: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը՛՛:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Արցախի՝ Բաքվի վերահսկողությանն անցած հատվածում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Նա ընդգծել է, որ այդ հարցով ևս կապի մեջ են ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ: ՛՛Մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ մեկնարկին՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: