հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի օլիմպիական խաղերին պատրաստվող մարզիկներին, մարզիչներին

Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի օլիմպիական խաղերին պատրաստվող մարզիկներին, մարզիչներին

Ամեն ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում, ինչը նախկինում արվում էր ոչ պետական՝ այլ աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է մարզիկներն ու մարզիչները հայտնվել են ծանր կացության մեջ»,-հարցը ներկայացնելիս հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Ըստ նախարարի, այս որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի ամեն ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին,  ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը։

«Ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ: Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի  մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: