Կառավարությունը քրեական պատիժ է առաջարկում բռնության կոչի համար. Նախագծերը խորհրդարանում են
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ՀՀ Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը, որոնցով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն: Իսկ պատիժն այսպիսին է՝ առավելագույնը երկու ամիս կալանք և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով, և առավելագույնը մեկ տարվա ազատազրկում:
Նախագծերի փաթեթը խորհրդարանին ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքով ներկայում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանց քարոզի և դրանք արդարացնելու համար:
«Գոյություն ունեցող կարգավորումները բավարար չեն՝ մարդկանց կյանքի, առողջության պահպանման, սեռական անձեռնմխելիության պաշտպանության համար: Օրինագծով առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել՝ անձի հանդեպ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար», - ներկայացրեց փոխնախարարը:
Փոխնախարարի ձևակերպմամբ, բռնությունը, որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարքն է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք:
Փոխնախարարը հստակեցրեց՝ կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին:
«Խոսքի ազատության իրավունքը երբևէ չի ներառում ատելության խոսքը, և ատելության խոսքը գտնվում է խոսքի ազատության իրավունքի սահմաններից դուրս: Նախագծով պատասխանատվություն է սահմանվում ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորման համար՝ բռնության կոչի, բռնություն արդարացնելուև քարոզելու համար»,- վստահեցրեց Գալյանը:


