ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը Գագիկ Ծառուկյանի ծխախոտի բիզնեսին 16․5 մլրդ դրամի արտոնություն կտա

Կառավարությունը Գագիկ Ծառուկյանի ծխախոտի բիզնեսին 16․5 մլրդ դրամի արտոնություն կտա

Գագիկ Ծառուկյանն ընդլայնում է իր բիզնես գործունեությունը նաև ծխախոտի արտադրության ոլորտում։ ԲՀԿ ղեկավար, Փաշինյանի երբեմնի սուր քննադատ ու վարչապետի հրաժարականը պահանջող Ծառուկյանին այս բիզնեսում հաջողությունների հասնելու համար կառավարությունն արտոնություն կտա։

«Մուլտի Տաբակ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ծխախոտի արտադրության հումք ներկրել` Կոտայքի մարզի գործարանում ծխախոտ արտադարելու համար։ Արտադրությունը սկսելու համար նախատեսում է 162.6 մլրդ դրամի ապրանքներ ներկրել, որոնց մաքսատուրքը կազմում է 16․5 մլրդ դրամ։ Ծառուկյանն այժմ դիմել է կառավարությանը, որպեսզի իրեն ազատեն մաքսատուրքից։

Ըստ որոշման նախագծի՝ գործարարին կառավարությունը չի մերժի։ Հայաստանի միլիարդատեր գործարար Գագիկ Ծառուկյանը 16․5 մլրդ դրամը չի ցանկանում պետբյուջե վճարել և որպես հիմնավորում ներկայացնում է այն, որ ծխախոտի արտադրության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ «Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին և, ըստ Ծառուկյանի ներկայացրած հայտարարագրի, 100 տոկոսով պատկանում է վերջինիս։

Նշենք, որ ավելի վաղ կառավարությունը Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Օնիրա քլաբ»-ի համար 5,6 միլիարդ դրամի փոխհատուցում էր տվել պետական բյուջեից։ Այս ընկերությունը կազմակերպում է «Շանգրի լա» խաղատան աշխատանքերը։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: