ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը ևս 30 օրով երկարաձգեց արտակարգ դրության ժամկետը

Կառավարությունը ևս 30 օրով երկարաձգեց արտակարգ դրության ժամկետը

ՀՀ կառավարությունը  30 օրով երկարաձգեց արտակարգ դրության ժամկետը։

Գործադիրի այսօրվա նիստում ընդունված որոծման համաձայն, երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգվում է։

Որոշման հիմնավորման մեջ նշված է.

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով»։

  • Կիսվել: