չորեքշաբթի, ապրիլ 2
2 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին:

ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն  և նշել, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ և խորացող համագործակցություն։ Այդ առումով, երկրի ղեկավարը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անձնական ջանքերի համար։

Գերմանիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցության խորացումը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռանկարային է համարել փոխգործակցությունը տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում: Գերմանիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման ու ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:

Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին: 

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  

  

 

  • Կիսվել: