շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի օպտիմալացման նախաձեռնությամբ

Կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի օպտիմալացման նախաձեռնությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զեկուցվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրից շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունաբար աճել են: Նման միտում է առկա նաեւ խաղողի գինու դեպքում: Վերջինիս սպառման ծավալներն աճում են նաեւ հանրապետության տարածքում:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների եւ ընկերությունների հետ տարվող աշխատանքների ընթացքին:

Նշվել է, որ արդեն իսկ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների եւ մթերողների միջեւ կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Կարեւորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետեւողական աշխատանքների իրականացումը եւ կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով:

Այս առումով, ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է մեր երկրից շշալցված կոնյակի եւ գինիների արտահանման ծավալների հետեւողական ավելացումն ու նշել, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: