երկուշաբթի, հունիս 27
27 / 6 / 2022
Կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է հայ ժողովրդի համար որպես անվտանգության հավելյալ երաշխիք․ ԱԳ նախարար

Կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է հայ ժողովրդի համար որպես անվտանգության հավելյալ երաշխիք․ ԱԳ նախարար

Կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար որպես անվտանգության հավելյալ երաշխիք։ ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Արծվիկ Մինասյանը մեջբերեց ազգային անվտանգության ռազմավարությունից մի հատված, որտեղ նշված է, որ հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը։ Մինասյանը հարցրեց, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակու՞մ է այս նպատակները պահպանել, թե՞ ոչ։
 
Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք նշված են Կառավարության ծրագրում և  որը հաստատվել է այս խորհրդարանում։
 
«Այդ ծրագրում հստակ նշված է, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը»,- ասաց Միրզոյանը։

  • Կիսվել: