երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կապանի քաղաքապետին տուգանել են. «Հրապարակ»

Կապանի քաղաքապետին տուգանել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն` 300 հազար դրամ: Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա «Գրիգ Բիզնես» ՍՊԸ-ի հետ տեխսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է` Գրիգոր Փարսյանը:

Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման: Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է: Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում:

Նկատենք, որ իշխանությունը նրա դեմ տրամադրվել է այն բանից հետո, երբ Կապանի քաղաքապետը ջերմ ընդունելության էր արժանացրել Սյունիք ժամանած Բագրատ սրբազանին։ Մե՛կ նրա սուբվենցիաների փաստաթղթերն էին քրքրում, մե՛կ նրա հոր, եղբոր ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը: Հիմա էլ, ահա՝ տուգանք»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: