չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Կանանց մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետևում կողպել ենք. Փաշինյան

Կանանց մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետևում կողպել ենք. Փաշինյան

Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են, այդ մեծամասնության մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետևում կողպել ենք: Այդ մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում կանանց դերին առնչվող խնդիրներին, որոնք, ըստ վարչապետի, ֆունդամենտալ են:

«Սա ինձ համար ոչ այնքան գենդերային խնդիր է, այլ Հայաստանի պետական շահերի և Հայաստանի զարգացման օրակարգի հետ առնչվելու միջոց, որովհետև ինչպե՞ս կարող է երկիրը բնականոն ձևով զարգանալ, երբ նրա պոտենցիալի մի մասը փակել ենք ինչ-որ դռների հետևում:

Բայց ուզում եմ ասել, որ տղամարդկանց պոտենցիալի մի զգալի մասն էլ փակված է դռների հետևում, երբ երեխաները, տղամարդիկ, կանայք չունեն կրթության հասանելիություն, չունեն առողջապահության հասանելիություն, չունեն նույնիսկ տեղաշարժվելու հասանելիություն»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը անդրադարձավ նաև բարեփոխումների օրակարգին՝ նշելով, որ դրանք երբեք չենք ավարտվում, իսկ որ պահին ավարտվում են, սկսվում է ռեգրեսիա:

«Եթե կգտնենք աշխարհի մի երկիր, որտեղ բարեփոխումները ավարտված են, նշանակում է՝ այդ երկիրը մեծ տեմպերով հետընթաց է ապրում, հետևաբար, մենք բարեփոխումները պիտի շարունակենք»,- ասաց նա՝ նշելով, որ բարեփոխումների օրակարգը պետք է շարունակել՝ առանց հակադրելու այն ժամանակին:

  • Կիսվել: