ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կան վճարվող տիկնայք և պարոնայք, որոնք հանրային տրանսպորտում ընդդիմադիր մտքի փառահեղ ապուշություններ են դուրս տալիս․Վահագն Ալեքսանյան

Կան վճարվող տիկնայք և պարոնայք, որոնք հանրային տրանսպորտում ընդդիմադիր մտքի փառահեղ ապուշություններ են դուրս տալիս․Վահագն Ալեքսանյան

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին «սարաֆանային ռադիոյի» միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Այն, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է հստակ կանոնակարգված ժամավճարով «սարաֆանային ռադիո» ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Կան կոնկրետ վճարվող տիկնայք և պարոնայք, որոնք կամ նստում են հանրային տրանսպորտ երկու-երեք հոգով և սկսում շատ բարձր ձայնով ընդդիմադիր մտքի փառահեղ ապուշություններ դուրս տալ օրական մի քանի ավտոբուսում ու մի քանի անգամ, կամ տաքսու վարորդներ են, որոնք ունեն ստաբիլ արտահայտություններ որոնցով խոսակցություն են բացում ու սկսում նույնական նախադասությունների ջրիկ հոսքը թափել ուղևորի վրա։ Օրվա վերջում էլ ինչ-որ եղանակով իրենց տերերին են ուղարկում արված աշխատանքի ապացույցը ու ստանում հասանելիք դրամը։ Այս երևույթին մեր քաղաքացիները հանդիպում են հիմնականում Հայաստանի խոշոր քաղաքներում ու գրեթե 100% ճշտությամբ ճանաչում դրանք։

Այս «աշխատավորների» տարածած անհեթեթությունները մարդկանց գլուխներում ամրապնդելու համար էլ գործի է դրվում ֆեյքերի դիվիզիան, ինչ-որ անբարոյական դուրսպրծուկներ էլ այս երևելիների բանավոր տարածածը տարածում են սոցիալական ցանցերում՝ տեքստային տարբերակով։ Ու հիմա էլ սրանց մտքի վերջին գագաթը «Վահագն Ալեքսանյանը մի տեղ խմած ասել է, որ..... ու ինքն էլ ուզում է ՔՊ-ից դուրս գալ, բայց վախենում է, որ իրեն կխփեն»։ Առաջաին հայացքից այս հիմարությանը անդրադառնալ նույնիսկ պետք չէ, բայց վերջին երկու-երեք օրվա մեջ արդեն հինգերորդ մարդուց եմ լսել, որ նման անհեթեթություն է տարածվում, ֆեյսբուքում էլ կա ինչ-որ անանուն մեկի տարածած նմանատիպ գրառում ֆեյքերի ու տարատեսակ արարածների հարյուրավոր կիսումներով։ Հիմա, սիրելի ընկերներ, «Վահագը ասել է, որ....» մասին անդրադառնալ նույնիսկ չարժի, բայց այ ՔՊ-ից դուրս գալու ու «խփվելուց» վախենալու մասով թույլ տվեք ասել, որ ձեր խոնարհ ծառան ոչ միայն ՔՊ անդամ է, այլև ՔՊ վարչության անդամի թեկնածու ու սրանով, կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, իսկ այ «սարաֆանային ռադիոյի» ինֆոտեռորիստների դեմ լավագույն պայքարի միջոցը պիտի լինի նրանց տեսանկարահանելն ու հանրայնացնելը։

Հանգիստ օգտվեք այդ միջոցից, տարածեք սոցիալական ցանցերով ու կտեսնեք, թե քանի հարյուր մարդ է պատմում, որ նույն դերակատարներից լրիվ նույն տեքստերը լսել է մեկ ուրիշ ավտոբուսում ձեր լսելուց մեկ ժամ անց»։

 

 

  • Կիսվել: