ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կամ թո՛ղ ապահովեն երկրի ու ժողովրդի անվտանգությունը, կամ կգան մարդիկ, ովքեր ի վիճակի են դա անել․ Սաղաթելյան

Կամ թո՛ղ ապահովեն երկրի ու ժողովրդի անվտանգությունը, կամ կգան մարդիկ, ովքեր ի վիճակի են դա անել․ Սաղաթելյան

Ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է հստակ և ուղիղ. ռուս խաղաղապահները ունեն մանդատ և առաքելություն, որը պետք է պատշաճ իրականացնեն։ Այս մասին կառավարութան դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Դա չի նշանակում, սակայն, որ այս կառավարության շենքում վեր ընկած մարդիկ պետք է ձեռքերը լվանան Արցախից, 120.000 մարդ գտնվի շրջափակման մեջ, և իրենք ասեն՝ մենք պատասխանատվություն չենք կրում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել»,- ասաց Սաղաթելյանը։

 

Խոսելով Միութենական պետության կազմի մեջ մտնելու պահանջի վերաբերյալ բարձր մակարդակով արված հայտարարությունների մասին՝ Սաղաթելյանը ասաց․

«Ես չգիտեմ դա ում երևակայությունն է, դա ինչ հարց է և ինչի համար են անում։ Թող ասեն՝ իրենցից ում են ճնշել,  ոնց են ճնշել։ Ռուսաստանից շատ հստակ եղավ պաշտոնական  արձագանք։ Դժբախտություն է, երբ քո ԱԽՔ-ին ասում են սադրիչ, դե թող անուններ  հնչեցնեն, մենք էլ տեսնենք՝ դա որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, թե որոշ արևմամետ գործակալներ փորձում են երկրում  տրամադրություններ ստեղծել»։

Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ քանի դեռ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, չի կարող քննարկվել խաղաղության պայմանագրի որևէ դրույթ։

«Կամ թող իշխանությունները ապահովեն երկրի ու ժողովրդի անվտանգությունը, կամ կգան մարդիկ, ովքեր դա ի վիճակի են անելու և պատրաստ են ծառայել հայ ժողովրդին»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: