չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Իզմիրլյան» ԲԿ  աշխատակազմը պահանջում է ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին

«Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմը պահանջում է ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը պահանջում են անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ: Այս մասին ԲԿ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:

Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով անձամբ կազմակերպել և համակարգել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ:

Մենք այսօր լինելու ենք Ավան-Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու մեր սիրելի տնօրենին, և կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարելու այս անարդարության դեմ, միանալ մեզ»:

Հիշեցնենք՝  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում,  աշխատակիցների հանդեպ սպառնալիք հնչեցնելով, աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։  Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Չարչյանի կողմից իրենց ենթակա աշխատակիցների նկատմամբ նախընտրական փուլում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Վերջինս ձերբակալվել է։

  • Կիսվել: