հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իտալիայից ՀՀ եկած ԱՀԿ բուժաշխատողների խնամքի ներքո են նաև ծանր վիճակում գտնվող պացիենտները

Իտալիայից ՀՀ եկած ԱՀԿ բուժաշխատողների խնամքի ներքո են նաև ծանր վիճակում գտնվող պացիենտները

Իտալիայից Հայաստան ժամանած 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցում է Հայաստանի առողջապահական համակարգին։ Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱՀԿ հայաստանյան գրասենյակ, բուժաշխատողները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակում և արդեն ավելի քան մեկ շաբաթ է աշխատում են հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում Covid-19 ախտորոշում ունեցող պացիենտները։ Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։

Մարիո Ռավիոլոյի գլխավորությամբ բուժաշխատողների խումբն անցկացնում է ուսուցողական դասընթացներ կորոնավիրուսային հիվանդության բուժման, հակաբիոտիկների օգտագործման և այլ հարցերի շուրջ։ Այս խմբի խնամքի տակ են նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։

«Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արձագանքման բուժանձնակազմ» նախաձեռնության դասակարգման մեջ է։ Այդ նախաձեռնությունն ուղղված է մասնագետների համաշխարհային ցանցի ձևավորմանը, որը հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը։ Նրա խոսքով այդ մասնագետները  անցել են ԱՀԿ որակավորում ըստ նախապես սահմանված չափանիշների և տիրապետում են տարբեր երկրների առողջապահական համակարգերին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմին։

Նախատեսվում է, որ բուժանձնակազմը Հայաստանում կմնա երեք շաբաթ, հետագայում նույնպես կշարունակի հայաստանյան բուժաշխատողներին աջակցել խորհրդատվությամբ և դասընթացներով։

Իտալացի բժիշկներին հետևել են գերմանացի և լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին:

 

  • Կիսվել: