ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայել Չարնիի նոր գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ճնշումներն Իսրայելի նկատմամբ

Իսրայել Չարնիի նոր գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ճնշումներն Իսրայելի նկատմամբ

Հայտնի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լույս է տեսել գիտնականի նոր գիրքը՝ «Իսրայելի ձախողված պատասխանը Հայոց ցեղասպանությանը. Ժխտում, պետական խաբեություն, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման» խորագրով, որտեղ գիտնականը պատմում է, թե ինչպես է Թուրքիան շարունակաբար ճնշում գործադրում Իսրայելի նկատմամբ, որպեսզի այդ երկիրը չճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Որպես ճնշման ռազմավարություն է կիրառվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումից հրաժարվելը, ցեղասպանության թեմաներով համաժողովներին հայերի մասնակցությունն արգելելը և չեղարկելն այն կոնֆերանսները, որոնց ներկա են հայերը:

The Jerusalem Post—ը, անդրադառնալով Չարնիի գրքին, նշում է, որ հեղինակն արձանագրել է՝ Թուրքիան մշտապես առարկել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության քննարկմանը, իսկ այդ երկիրը տեղի է տվել թուրքական կողմի պահանջներին: Ավելին, երկար ժամանակ կար կարծիք այն մասին, որ Անկարան անգամ սկսել էր սպառնալ Թուրքիայում բնակվող հրեաներին, եթե իր այս պահանջները չբավարարվեին: Բացի այդ, գրքում նշվում է, որ Թուրքիան հայտարարել է, թե կփակի ճանապարհը Սիրիայից, Իրանի և Իրաքից եկող փախստականների համար: Համաձայն Չարնիի հեղինակած աշխատության՝ սրանք այն ստերն են եղել, որոնց պատճառով Իսրայելը կատարել է Թուրքիայի պահանջները:

Հրեա հեղինակի գիրքը ոչ միայն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի ցուցաբերած վարքագծին, այլև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հրեական պետությունը պետք է ճանաչի բոլոր ցեղասպանությունները:

  • Կիսվել: