հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

՛՛Իսկանդեր՛՛ հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը kp.ru-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Իսկանդեր» համակարգերի անարդյունավետության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայտարարելով ՛՛Իսկանդեր՛՛-ների անաշխատունակության մասին, Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է տեր կանգնի իր խոսքերին: Նման լուրջ մեղադրանք ներկայացնել հրթիռային համակարգի վերաբերյալ և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը ՛՛չգիտի՛՛ հարցի էությունը, Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է: Դե, ՛՛80-ականների զենքի՛՛ մասին նրա հայտարարությունն արդեն անհարգալից դատարկախոսության նշան է: Ի՞նչ ՛՛80-ականների զենքի՛՛ մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն ՛՛Իսկանդերով՛՛ զինվելը ավարտել է միայն 2019 թվականի վերջին: Արտահանման տարբերակով Հայաստանը մի քանի այդպիսի համալիրներ ստացել է նույնիսկ ավելի վաղ, ի վերջո, մենք դաշնակիցներ ենք՛՛։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։

Կովալյովը նաև ասել է. ՛՛Գիտե՞ք՝ է՛լ ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ հրթիռի մարտագլխիկը պայթել է ընդամենը 10% -ով: Որ վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Կրթական ծրագիր է պետք: Ըստ ամենայնի, նա կամ դպրոցում ծույլիկ աշակերտ է եղել, կամ ականջի ծայրով է լսել, որ արտահանման տարբերակի ՛՛Իսկանդեր՛՛ -ի մարտագլխիկի կարողությունը 10% -ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից:

Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ: Նա լեզվից ծիծաղելի բան է թռցրել`ասելով, որ հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10% -ով: Նման անհեթեթություն գոյություն չունի նույնիսկ հայկական հայտնի անեկդոտներում:

 Փաշինյանը լռել է մի շատ կարևոր բանի մասին. երբ հայկական «Իսկանդեր»-ի մի զույգ վատ թիրախավորված հրթիռներ պայթել են Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավթագազային օբյեկտների մոտ, Բաքուն հստակ հասկացել է, որ իրենք պետք է վերջ տան պատերազմին: Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ ահռելի կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե ՛՛Իսկանդեր՛՛-ի մարտագլխիկը աշխատեր միայն Փաշինյանի ասած ծիծաղելի 10%-ով... Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի»,-ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ  նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն ՛՛Իսկանդեր՛՛-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. ՛՛Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած ՛՛Իսկանդեր՛՛-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով՛՛: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. ՛՛Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե՛՛:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: