շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսկ մեզ հրավիրո՞ւմ են մտնել միութենական պետության մեջ մտնել․ սա հո խաղալի՞ք չէ․ Արա Աբրահամյան

Իսկ մեզ հրավիրո՞ւմ են մտնել միութենական պետության մեջ մտնել․ սա հո խաղալի՞ք չէ․ Արա Աբրահամյան

«Ես լիքը ժամանակ էլ ունեմ, փող էլ ունեմ։ Ես ոչ մի հավակնություն չունեմ, իմ հավակնությունն է այն, որ այս ժողովրդի վիճակը լավացնեմ։ Դրա համար էլ իմ ժամանակը, առողջությունը ներդնում եմ, որ մի բան կարողանամ անել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնն այժմ գրում է հայ ժողովրդի ճանապարհային քարտեզը։

Արա Աբրահամյանը վստահեցրեց՝ խաղաղությանը ոչ մեկ դեմ չէ ու շարունակեց․ «Ես դեմ եմ, երբ տեղեկություն չունեմ, թե մենք ինչ ենք ուզում։ Դեմ եմ, երբ օր-օրի մեզ վախեցնում, հանձնում են Թուրքիային ու Ադրբեջանին՝ասելով, թե մենք չենք կարող նրանց հետ պայքարել։ Իհարկե, կարող ենք, եթե լինենք համակարգային պետություն»։

Լրագրողները հարցրին՝ ի՞նչ է նշանակում մտնել միութենական պետության մեջ, նա պատասխանեց․ «Իսկ մեզ հրավիրո՞ւմ են այնտեղ, դուք գիտե՞ք։ Ես Ռուսաստանում չեմ լսել։ Մեծ պետություն է իր կազմով, ինստիտուտներով։ Այդ պետությունը պետք է հաշվարկի՝ ինչ է տալիս իրեն մեր մտնելը, ասի, սիրելի′ քաղաքացիներ, հայրենակիցներ, ուզում ենք, առաջարկում ենք միանալ միութենական պետությանը։ Մենք էլ պետք է մեր օգուտները տեսնենք, տեսնենք՝ ուր գնանք։ Եկեք մենք հասկանաք, թե որտեղ ենք գնում։ Սա հո խաղալիք չէ՞, ես ուզում եմ այստեղ կամ այնտեղ»։

Հարցին՝ փորձելո՞ւ եք քաղաքական դաշտում որևէ ուժի հետ միավորվել, նա պատասխանեց․ «Ես միշտ փորձելու եմ, քանի ուժ ու առողջություն ունեմ։ Ես իմ փողերն եմ ծախսում իմ հնարավորությունն ու շրջապատը»։

Ըստ նրա՝ մեր խելոք, լավ ժողովրդին բերել, վատ վիճակի են հասցրել, անորոշության մեջ դրել։ Բայց նաև այդքանով հանդերձ՝ Արա Աբրահամյանն ասաց, որ անգամ իր հասցեին հնչող վիրավորանքները հաշվի չի առնում ու նորից փորձում է օգնել Հայաստանին։

Նա ասաց․ «Ես ինադ անեմ չգա՞մ․ նման բան չկա։ Ես մեր հայ ժողովրդից չեմ նեղանում։ Որ այդքան հայհոյում են ինձ, չեմ նեղանում, էլ ինչի՞ց նեղանամ։ Ես փորձելու եմ փոխել ինչ-որ բան Հայաստանում։ Տեսեք՝ ես իմ գործերը թողած այսօր այստեղ եմ։ Սա հայրենիք է ինձ համար»։

Հարցին՝ իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Բոլորը պետք է մի ուղղությամբ գնան, իսկ հիմա կարապի, խեցգետնի պես են։ Ես ասում եմ իմ ծրագիրը՝ ինչ է նշանակում Արարատյան ալյանս ինստիտուտը։ Սա մի կենտրոն է, որ գրում է հայ ժողովրդի ճանապարհային քարտեզը։ Միտքն ու մեխանիզմը տալիս ենք, դուք վերցրեք, արեք»։

  • Կիսվել: