չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իշխող ուժը ջնջել է «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, փոխարենը ավելացրել «Ղարաբաղի հայություն». Սաղաթելյան

Իշխող ուժը ջնջել է «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, փոխարենը ավելացրել «Ղարաբաղի հայություն». Սաղաթելյան

Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունն ու բովանդակությունը եւ հակահայ բազմաթիվ ձեւակերպումներով է հանդես  եկել. Հիմա ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաեւ մի շարք հարցերով տա հիմնական գնահատականները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ իրենց պատրաստած հայտարարությունը երեք սկզբունքի վրա է հիմնված. «Առաջին, հայտարարությունում հստակ նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, կարգավիճակի մասին, ինչպես նաեւ ՀՀ հանձնառության մասին: Հայտարարության տեքստը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները: Իրենց առաջարկության մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն»: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաեւ Հայաստանի հանձնառության մասը: Այսինքն հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են:

Ստացվում է, որ Ֆրանսիայի ԱԺ-ն եւ Սենատը հանդես են գալիս  հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ Հայաստանի ԱԺ-ն հրաժարվում է հայտարարությամբ հանդես գալուց»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ԱԺ հայտարարության նախագծում որեւէ քաղաքական գնահատական չկա, այն վերաբերում է բացառապես Արցախին եւ Հայաստանին:

«Սա եւս մեկ ապացույց է, որ այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու, որ այս իշխանության հետ ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա»,-իր խոսքն ամփոփեց Սաղաթելյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդդիմության առաջարկած հայտարարության քննարկումն է: ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին, ինչը նշանակում է, որ այն չի ընդունվի:

  • Կիսվել: