Իշխող ուժին չեմ սատարում. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ցանկություն այս պահին չունի։ Այս մասին դատական նիստից առաջ Տոնոյանն ասել է 24news.am-ին։
«Այս փուլում չմասնակցելու որոշում ունեմ, քանի որ դեռևս դատաքննության փուլում եմ ու պետք է բանսարկությունը, որը փաթաթվել է իմ վրա, դրանից ձերբազատվեմ»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ նա չհերքեց, որ եթե քրեական գործը չլիներ, ապա հնարավոր է՝ մասնակցեր ընտրություններին։ Տոնոյանը հավելեց, որ առաջադրված ուժերի մեջ կա քաղաքական թիմ, որին սատարում է, սակայն չմանրամասնեց, թե ում մասին է խոսքը։
«Դուք ինձ հիմա ուզում եք հարցնել՝ իշխող ուժն է՞. ասեմ՝ ոչ, իշխող ուժը չէ»,– շարունակեց Դավիթ Տոնոյանը։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որին երեկ գիշեր կալանավորել են, Տոնոյանը նշեց, որ նա հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի լավագույն ղեկավարն էր։


