Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է «կդատեմ», «կբռնենք», «չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում» արտահայտություններով, Փաշինյանն իրեն դրել է քննիչի, դատախազի տեղ․ Վարդանյան
Բարեգործության արգելքը գործում է միայն բացառապես ընդդիմադիրների գործունեությունը կանխելու, ընդդիմադիրներին պատժելու համար։ Այս մասին «Կոռուպցիան՝ նախընտրական փուլում» աշխատաժողովին հայտարարել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու, այժմ՝ Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա հիշեցրեց, օրինակ, Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի դեպքը, երբ մարդը պետական միջոցներից հենց նախընտրական փուլում սոցիական աջակցություն է տրամադրում համայնքի բնակիչներին․ «Սա ինչ է, եթե ոչ նախընտրական շահագրգռում»։ Վարդանյանն անդրադարձավ նաև ատելության խոսքին, զուգահեռներ անցկացրեց բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցված հետապնդման և ՔՊ առաջատար դեմքերի միջև, որոնց յուրաքանչյուր արտահայտությունը համեմված է ատելության խոսքով, սպառնալիքներով։
«Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է «կդատեմ», «կբռնենք», «չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում», «դուրս կշպրտենք» և նման այլ հայտարարություններով»,- նշեց Վարդանյանը՝ հիշեցնելով երկակի մոտեցումները։
Վարդանյանն ընդգծեց, որ այս քարոզարշավի ընթացքում իշխող ուժի ղեկավարն իրեն դրել է քննիչի, դատախազի, դատավորի կարգավիճակում և հենց քարոզարշավի ընթացքում էլ հրապարակում է իր «դատավճիռները», իսկ դա չի կարող ազդեցություն չունենալ ողջ նախընտրական քարոզչության տրամաբանության վրա։ Նա նաև անդրադարձավ ԲՀԿ-ի նկատմամբ թիրախավորմանը, այդ թվում՝ աշխատանքից ապօրինի ազատման դեպքերին։


