Իշխանությունը տապալել է ժողովրդից թալանվածը հետ վերադարձնելու գործընթացը. Մարուքյան (տեսանյութ)
Այսօր #bRightTalk ձևաչափի վեցերորդ մասի շրջանակում ԱԺ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ժողովրդից թալանված հարստությունը, որն իշխանությունը այդպես էլ չկարողացավ վերադարձնել պետությանը, հիմա օգտագործվում է ժողովրդին մանիպուլացնելու և երկրում գործող բոլոր առողջ բևեռներին ՛՛փչացնելու՛՛ նպատակով։
ԼՀ ղեկավարն անդրադարձավ այն հարցին, թե որն է քաղաքական վենդետայի և արդարադատության սահմանագիծը: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Որպեսզի իշխանափոխությունից հետո, որևէ գործընթաց չկոչվի վենդետա, պետք է հնարավորինս բոլոր տեսակի քրեական գործերով պահպանվեն բոլոր չափորոշիչները, միջազգայնորեն ընդունված ստանդարտները, և դատավարությունները պետք է ընթանան օրենքի ոգուն համապատասխան, այլապես այդ ամենը շատ հեշտ կարող է բնութագրվել որպես քաղաքական հետապնդում կամ վենդետա՛՛։
Նրա խոսքով՝ պետությունից թալանվածը վերադարձնելու համար կա մի քանի ճանապարհ՝ հեղափոխությունից անիջապես հետո պետությունից գողացած անձանց բացահայտել և հորդորել թալանվածը հետ վերադարձնել, ազգային հարստությունը վերադարձնել պետական բյուջե և ժողովրդի թույլտվությամբ չձերբակալել այդ անձանց:
՛՛Երկրորդ տարբերակ՝ ասում ես՝ բոլորիդ նստեցնելու եմ, քանի որ դուք գողացել եք, և հետ եմ վերադարձնելու ամբողջ գողացվածը, ու դրա արդյունքում հասնելու ենք սոցիալական արդարության, իսկ տարբերակ երրորդը, որն ըստ էության արվել է ներկայիս իշխանությունների կողմից, առաջին ամիսներին չես ասում, որ բոլորին նստեցնելու ես, համերաշխ ես բոլորի հետ, հետո մի քանի ամիս անց գործընթաց ես սկում, բայց արդեն այսքան ժամանակ անց ոչ ժողովրդի փողերն են հետ բերվել, ոչ մարդիկ են դատվել, և դրան գումարած էլ այդ մարդիկ, իմա՝ ժողովրդից թալանողները, արդեն Հայաստանից գնացել են, իրենց փողերը հավաքել են մի տեղ ու այդ փողերը տարբեր ԶԼՄ-ներով այլ ճանապարհներով օգտագործում են ներկայիս իշխանության դեմ՛՛,-նշեց Մարուքյանը։
Ըստ նրա՝ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է թալանվածը հետ վերադարձնելու գործընթացը։ ՛՛Դրա տակ մնացել է միայն այն հայտարարությունը, որ «կոպեկ առ կոպեկ բերելու եք», բայց ոչ մի կոպեկ-կոպեկ չի բերվել, ու այդ կոպեկն այսօր ծախսվում է մեզ փչացնելու համար, իրենց փչացնելու համար, բոլորին փչացնելու համար, մարդկանց մանիպուլացնելու համար։ Այն միջոցները, որոնք պետք է այսօր լինեին բյուջեում, օգտագործվում են մեր ժողովրդին տարբեր հարցերում մանիպուլացնելու և տարբեր ստեր քարոզելու համար՛՛,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում.


