հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Իշխանությունները Հաղթանակի 80-ամյակի հայտարարության նախագծին աշխարհաքաղաքական ենթատեքստ են տվել. ընդդիմադիր

Իշխանությունները Հաղթանակի 80-ամյակի հայտարարության նախագծին աշխարհաքաղաքական ենթատեքստ են տվել. ընդդիմադիր

Հայաստանի իշխանությունները օրակարգ չեն մտցրել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի իմ ներկայացրած ֆաշիզմի եւ նեոնացիզմի դատապարտման մասին խորհրդարանական հայտարարության նախագիծը՝ հարցին տալով աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հայտարարության տեքստում հստակ արձանագրվել են պատմական փաստեր, ներկայացվել է անցյալի եւ ներկայի կապը, ինչպես նաեւ հայերի հսկայական ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում։

Աբրահամյանը նշել է, որ իշխանությունները հայտարարության նախագիծը չեն ներառել օրակարգ, քանի որ կապ չեն տեսնում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի եւ Շուշիի հաղթանակի միջեւ, թեեւ ժամկետները համընկնում են, եւ Շուշիի հաղթանակի մասնակիցները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակածների ժառանգներն են։

«Անկախ քաղաքական դիրքորոշումից՝ անհնար է հերքել Շուշիի հաղթանակի պատմական փաստը։ Իշխանություններն արել են ամեն ինչ՝ դա քննարկման առարկա դարձնելու Ռուսաստան-Արեւմուտք առճակատման եւ Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը դրսեւորելու համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտնել է, որ հայտարարության նախագծում պատշաճ ձեւով նշված եւ նկարագրված չէ դաշնակից երկրների դերը, որոնք մասնակցել են հակահիտլերյան կոալիցիային, իսկ նրա զինակից Արման Եղոյանն անգամ առաջարկել է հիշել, թե կոնկրետ երբ է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի մաս է կազմում Հայրենական մեծ պատերազմը, եւ կոնկրետ ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Խորհրդարանականը, մասնավորապես, հիշեցրել է ԽՍՀՄ-ի կողմից Բալթյան երկրների, ինչպես նաեւ Ռումինիայի եւ Լեհաստանի որոշ մասի օկուպացիայի մասին։ Նա նաեւ նշել է Մոսկվայի եւ Բեռլինի դաշնակցային հարաբերությունները։

  • Կիսվել: