շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու․ Ռոբերտ Քոչարյան

Իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել՝ իշխանությանը մեղադրելով ընդդմիությանը հետապնդլու մեջ։ Քոչարյանի հայտարարության մեջ ասվում է․

«Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց:

Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է եւ կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։

Այս գործընթացները չեն կարող երկար տեւել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը»:

  • Կիսվել: