չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Իշխանությունն ուզում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը Վաշինգտոնի պլանով իրագործել. Թևանյան

Իշխանությունն ուզում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը Վաշինգտոնի պլանով իրագործել. Թևանյան

ՀՀ իշխանությունը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնքել է Ռուսաստանի միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական պրոցեսները փորձում է կարգավորել բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում։ ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Սա ոչ միայն նոնսենս է, այլ ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն առաջարկում է վաշինգտոնյան պլանով անել։ Քանի որ Արևմուտքը չունի ռազմական և անվտանգային գործիքակազմեր Արցախում և ՀՀ–ում, բնական է, որ Արևմուտքը պետք է հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, քանի որ Արցախին պաշտպանելու ոչ մի գործիք չունի»,–ասաց Թևանյանը։

Նրա խոսքով` Արևմուտքի խնդիրն Արցախից ու Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը դուրս բերելն է, իսկ թե դրանից հետո ինչ կլինի` չեն խորանում։ Թևանյանը նշեց, որ Արևմուտքը մեզ թշնամի չէ` բարեկամ է, սակայն նրանք ունեն լայն աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ ՀՀ–ն Պրահայում ասել է, որ համաձայն է լինել մանրադրամ Արևմուտքի ձեռքում՝ հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար։
«Դուք ո՞նց եք պատկերացնում հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումն արևմտյան հարթակի միջոցով, երբ քարտեզների, ռազմական ներկայության առումով ռուսական գործոնն է այստեղ աշխատում։ Ստացվում է` Մոսկվայում պայմանագիր է կնքում և գնում Վաշինգտոնում ասում է` եկեք իրականացնենք»,–ասաց Թևանյանը։

  • Կիսվել: