«Իշխան Սաղաթելյանը սուտասանա և ոչ միայն սուտասան». Ալեն Սիմոնյանը պնդեց, թե միջադեպը հրահրեցին՝ դրսից եկած դաշնակցականներին ցույց տալու, որ իրավիճակը լարված է
«Իշխան Սաղաթելյանը սուտասանա և ոչ միայն սուտասան». լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ լարվածությունը սկսվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող օրենքի նախագծի մասին խոսակցությունից հետո։
«Նման հոդված Քրեկան օրենսգրքում վաղուց կա, միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ ելույթի ժամանակ արդեն «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների միջև խոսակցություն գնաց, արձագանքեցի։ Ասացի՝ ձեր մեջ չլուծված հարց ունեք։ Ի պատասխան՝ Մինասյանն ասաց, որ «ես էլ կարող եմ իմ միկրոֆոնը միացնեմ, խոսեմ, բայց դա չեմ անում»։ Ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Մի՛ նստիր, Արծվի՛կ»։ Դա ինձ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի՝ «դե որ ասումա՝ մի նստի՝ մի նստի, կամ էլ՝ դու վեր կաց կանգնի»։ Դրանից հետո ձեր նշած անձնավորությունը տեղից սկսեց բղավել, ինչին պատասխանը ստացավ, և տեղի ունեցավ այդ ընդհարումը։ Ձեր նշած անձնավորությունը հլա մի հատ էլ իր նստատեղից մի քիչ այն կողմ էր գնացել՝ կարևոր գործով, նայում էր այս ու այն կողմ, որ հանկարծակի այդ ընդհարումն իրենց որևէ ձևով չհպվի»,-ասաց Սիմոնյանը՝ նկատի ունենալով Սաղաթելյանին։
Հարցին՝ Սաղաթելյանը կռվի՞ց էր վախենում, ԱԺ նախագահը պատասխանեց՝ այնպես չէ, որ սա կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է․ «Բայց աչիքս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստոստում էր դեպի ՀՅԴ գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Այդ ինչ պահվածք ա․ գալիս են կնոպկեն սեղմում, փախնում են դահլիճից, գալիս են գոռում են և գիտեն պատասխան չեն ստանալո՞ւ։ Իսկ այս ամենն արվում է նրա համար, որ վաղվա միջոցառմանն ավելի շատ մարդ գնա։ Հետո դրսից շատ այլ դաշնակցականներ են եկել, որ այլ աշխատանք ցույց տրվի, որ իրավիճակը լարված է»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա հերթական սուտն է։ «Մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ վաղուց շատ լավ հասկացել են, զզվում են իրենցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, շատ լավ է՝ թող շարունակեն»,-ասաց նա։