կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Իշխան Սաղաթելյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իրենց հանդիպման ձայնագրությունը հրապարակել

Իշխան Սաղաթելյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իրենց հանդիպման ձայնագրությունը հրապարակել

Պատերազմի մեղավորը և պատասխանատուն դուք եք և պետք  է պատասխան տաք: Այս մասին Ազգային ժողովի նիստում իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 19-ի հանդիպմանը ներկա են եղել նաև Ալեն Սիմոնյանն ու Լիլիթ Մակունցը։ Ընդհանրապես պատերազմի ընթացքում ես հինգ անգամ հանդիպել եմ ձեր կուսակցության ղեկավարի հետ։ Ես մի առիթով պատմելու եմ մանրամասն այդ հինգ հանդիպումները՝ դետալ առ դետալ։ Ես վստահ եմ՝ այդ բոլոր հանդիպումների ձայնագրությունը կա։ Ընդամենը մեկ բան եմ ասում՝ ամսի 27-ից մինչև հոկտեմբերի 19-ն ամեն օր ձեր Արծրուն Հովհաննիսյաններով ժողովրդին ասել եք՝ հաղթում ենք, հաղթել ենք, Գետաշենն ու Շահումյանը գրավել ենք։ Հոկտեմբերի 19-ին, կառավարության դահլիճում ձեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չէ, պետք է տանք։ Ես ասել եմ հետևյալը՝ պարոն Նիկոլ Փաշինյան, եթե այս պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն են և քո քաղաքական թիմինը։ Բայց եթե այս պատերազմում պարտվենք ու ասել եմ՝ ըստ ինձ դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք դա չեք մարսելու։ Ասել եմ՝ այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք։ Պահանջում եմ այդ հանդիպման ձայնագրությունը հրապարակել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ես կոչ եմ անում և հորդորում եմ պատերազմի մեղավորներին տեսնել նախ և առաջ մեր թշնամու մեջ։ Եվ հայրենասիրությամբ դոշ ծեծելով ման գալու ժամանակ առաջինը խոսել թուրքի, ադրբեջանցու մասին, վարձկանի մասին, որը սպանել է այն տղաներին, որոնց անունները դուք այստեղ տալով փորձում եք ինքնահաստատվել»։

  • Կիսվել: